Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ելույթներ, հարցազրույցներ / Հայաստանը շուտով....


Հայաստանը շուտով կվկայագրվի որպես մալարիայից ազատ տարածք
04.04.11
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը Մալարիայից ազատ գոտու կարգավիճակի վկայագրման գնահատման երկրորդ առաքելությունն իրականացնող  ԱՀԿ կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը` ԱՀԿ մալարիայի հարցերով փորձագիտական հանձնախմբի նախագահող Վալտեր Վերնսդորֆերին, Աաֆյե Ռիետվելդին և Ռոստիցա Մինչևային:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Վալտեր Վերնսդորֆերը նշել է, որ վկայագրման նախապատրաստման աշխատանքային խմբի ուղեկցությամբ այցելել են Արարատի, Արմավիրի, Շիրակի մարզեր, գնահատել երկրում մալարիայի վերացման գործում ձեռքբերված առաջընթացը և երկրի պատրաստվածությունը մալարիայի կրկին արմատավորման կանխարգելմանը:

Աաֆյե Ռիետվելդը նշել է, որ կատարվել է ծանրակշիռ և հետևողական աշխատանք, որի շնորհիվ էլ երկիրը շուտով կվկայագրվի որպես մալարիայից ազատ տարածք:

Նշենք, որ  մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում` բացառությամբ 1963-1994թթ.: 1994 թվականից ի վեր, 31 տարվա ընդմիջումից հետո, մալարիան կրկին արմատավորվեց Հայաստանի Հանրապետությունում և սկսեցին արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր: Հայաստանը մեծ քաղաքական նախաձեռնություն ցուցաբերեց,  ծավալվեց համակարգված և բազմոլորտ պայքար մալարիայի դեմ: 

Այս գործում երկրին զգալիորեն աջակցեցին միջազգային կազմակերպությունները, մասնավորապես`  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Իրականացված համալիր աշխատանքի արդյունքում հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը և Հայաստանում ստեղծվեցին մալարիայի վերացման նախադրյալներ: 2006թ. սկսած Հայաստանի Հանրապետությունում մալարիայի տեղական ծագման դեպք չի արձանագրվել:

Ուստի, 2009թ. ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ԱՀԿ գլխավոր տնօրենին` Հայաստանը մալարիայից ազատ տարածք վկայագրելու համար: Վկայագրման գործընթացը նախատեսվում է ավարտել 2011-ին: