Շտապօգնության 88 մեքենաները, որոնք տրամադրվել են Հայաստանին Չինաստանի կառավարության հետ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում, մեկ շաբաթից դուրս կգան մայրաքաղաքի և մարզերի գծեր, ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: ՀՀ կառավարությունը ուրբաթ որոշում է ընդունել, որի համաձայն՝ շտապօգնության մեքենաներն անվճար կտրամադրվեն բուժհաստատություններին, որոնք գտնվում են Երևանի վարչական համայնքների, մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ, ինչպես նաև ոստիկանության բուժծառայությանը:«Սա առողջապահության համակարգի զարգացմանն ու շտապօգնության ծառայության արդիականացմանն ուղղված լրջագույն քայլ կդառնա», - ասաց Քուշկյանը ուրբաթ կառավարության նիստի ընթացքում: Նա նաև ավելացրեց, որ շտապօգնության մեքենաների պարկը չի թարմացվել և չի արդիականացվել վերջին 20 տարվա ընթացքում, հատկապես մարզերում: Հայաստանին ռեանոմոբիլների, շտապօգնության գծային մեքենաների, ինչպես նաև հարակից սարքավորումների տրամադրման մասին հայ-չինական միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2010թ.-ի դեկտեմբերի 27-ին: Ինչպես լրագրողներին պարզաբանեց նախարարը, շտապօգնության 88 մեքենաներից 20-ը ռեանոմոբիլներ են: «Շտապօգնության ծառայության զարգացումը չի սահմանափակվի միայն նոր մեքենաների տրամադրմամբ: Դրան զուգահեռ մենք կարդիականացնենք կապը հանրապետության ողջ տարածքում, կստեղծենք Կենտրոնական դիսպետչերական ծառայություն, ինչպես նաև GPRS-նավիգացիայի համակարգ», - ասաց նա: Նախարարը պարզաբանեց, որ սա շատ կարևոր է շտապօգնության ծառայության օպերատիվության և աշխատանքի որակի բարձրացման տեսակետից: Քուշկյանը տեղեկացրեց, որ շտապօգնության բոլոր բրիգադները կապահովվեն կապի անհատական միջոցներով՝ կանչի վայրերի, հիվանդանոցների և բուժհաստատությունների միջև անմիջական կապ ապահովելու համար: «Հիվանդանոցները պատրաստ կլինեն ընդունել կոնկրետ հիվանդի՝ նախապատրաստվելով հիվանդի վիճակի մասին բրիգադի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա», - պարզաբանեց նա: 2010 թ.-ի հունիսի 2-ին Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի համաձայն՝ Չինաստանը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 20 մլն յուան՝ որպես անհատույց օգնություն:
|