Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ելույթներ, հարցազրույցներ / ՀՀ առողջապահության....


ՀՀ առողջապահության նախարարը վրդովված է Գյումրիում շտապօգնության բժշկի սպանության փաստով
28.06.11
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր խորին վիշտը և խիստ վրդովմունքն է հայտնում նախօրեին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ Գյումրու բնակիչը ձերբակալվել է ըստ կանչի իր տուն ժամանած «շտապօգնության» 65-ամյա բուժաշխատողի սպանության կասկածանքով:

«Այսօր ողջ բժշկական հասարակությունը և, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին», - նշվում է նախարարի հայտարարության մեջ:

Շտապօգնության բրիգադի բուժաշխատողների և նշված տան բնակիչների հետ վիճաբանության մասին տեղեկությունը Ոստիկանության հերթապահ մասում ստացվել է նույն օրը ուշ երեկոյան։ Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է շտապօգնության բրիգադայի բուժաշխատողի դիակը` ճակատի և այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով:

«Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին՝ բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ մնալով բժշկի երդմանը, շարունակել է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին», -նշել է նախարարը:

Քուշկյանի հավաստիացմամբ ինքը հետևողական կլինի, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

ՀՀ առողջապահության նախարարը դիմել է բոլոր իրավապահ մարմիններին՝ ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին:

«Կարծում եմ, որ իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա»,- ընդգծել է նա:

Քուշկյանն իր և ողջ բժշկական հասարակության անունից խորին ցավակցությունն է հայտնել բժիշկ Աշոտ Գրիգորյանի ընտանիքին ողբերգական մահվան կապակցությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 104 հոդվածով (սպանություն)։ Քննությունը շարունակվում է։ -0-