2005-2010 թվականներին մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են` 26 մահից հասնելով 13 դեպքի` 1000 կենդանածնի հաշվով: Այս մասին փաստել է Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը: Ապրիլի 30-ին հետազոտության արդյունքների ներկայացման ազգային սեմինարի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ՀԺԱՀ-ի արդյունքներն առողջապահական ոլորտի հավաստի գնահատականը համարեց: ՀՀ ԱՆ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր զեկույցում տեղեկացրեց, որ 2008 թվականի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստեց շուրջ 10 անգամ ծնննդաբերությունների համար կատարվող պաշտոնական վճարումների կրճատմանը: «Վերջին հինգ տարիներին իրականացված բարեփոխումները մեծ քայլ են, առաջընթաց` առողջապահության ոլորտում»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շեշտեց, որ առողջապահության մասին խոսելով` միաժամանակ խոսվում է տնտեսության, կառավարչական համակարգերի բոլոր ոլորտների մասին, որոնք առնչվում են առողջապահությանը: Բաբլոյանը խորհուրդ տվեց չվախենալ ՀԺԱՀ-ի արդյունքում ստեղծված «հաստափոր» ձեռնարկի էջերի քանակից, քանի որ այն առողջապահական առաջիկա մոտեցումները մշակելու արժեքավոր ուղեցույց է: Համաձայն հետազոտության հիմնական արդյունքների` առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումները ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005 թվականի 74 տոկոս ցուցանիշից մինչեւ 87 տոկոս 2010 թվականին: Մյուս կողմից, մինչեւ հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր: ՀԺԱՀ-ը հանրապետության մակարդակով ներկայացուցչականություն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որը ժողովրդագրական բնութագրիչների միջոցով վերլուծական տեղեկատվություն է տրամադրում առողջապահական թեմաների եւ խնդիրների, ինչպես նաեւ արծարծված հարցերի շուրջ երկրում տեղի ունեցող առաջընթացի վերաբերյալ: Ստացված արդյունքները հնարավորություն են ընձեռում ոլորտի քաղաքականությունը մշակողներին առավել նպատակային եւ իրատեսական ֆինանսական ծրագրեր մշակելու համար: ՀԺԱՀ-ի ընթացքում ավելի քան 7 000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որոնցում ընդգրկվել են 15-49 տարեկան 5 922 կանայք եւ նույն տարիքային խմբի 1 584 տղամարդիկ: Հայաստանում արդեն երրորդ անգամ իրականացվող հետազոտության իրականացումը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), աջակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը եւ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակը: http://armenpress.am
|