ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային բժշկական հաստատություններում շաքարային դիաբետով տառապող հիվանդների հաշվառման, առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով բաշխված ինսուլինների ստացման, պահպանման և հիվանդներին անվճար հատկացման գործընթացը վերլուծելու նպատակով: Հանդիպումներին մասնակցել են հանրապետության առաջատար էնդոկրինոլոգները, մարզային կառույցների ղեկավարները և ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները: Ոլորտի պատասխանատուները նշել են շաքարային դիաբետով և առհասարակ էնդոկրին հիվանդությունների հայտնաբերման, բուժման ու վարման գործընթացում առկա խնդիրները և կազմակերպչական թերությունները: Շաքարային դիաբետով հիվանդներին դեղերով ապահովումը կանոնակարգելու և բաշխման գործընթացը բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանձնարարել է մշակել ինսուլինի ստացման, բաշխման և հիվանդներին հատկացման նոր` խստացված և առավելագույնը վերահսկելի կարգ, ինչպես նաև կազմակերպել վերապատրաստման դասընթացներ էնդոկրինոլոգների համար:
|