Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն / 2011-ին` հոգեբուժական....


2011-ին` հոգեբուժական խնդիրներին նվիրված կոնֆերանս
19.03.10

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի և ասոցիացիայի խորհրդի անդամների հետ` քննարկելու 2011թ. ապրիլին կազմակերպվելիք Համաշխար‎հային հո‎գեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները և ՀՀ ԱՆ համագործակցության շրջանակները: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, Վանաձորի հոգեբուժական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, նաև նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:
Արմեն Սողոյանը ներկայացրել է 2011թ. Համաշխար‎հային հո‎գեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների պլանը և առողջապահության նախարարությունից ակնկալվող աջակցության ուղղությունները:
Նախարարը ողջունել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու: Նա ընդգծել է, որ Հայաստանում հո‎գեկան առողջության ոլորտում առկա են բազմաթիվ համակարգային և մեթոդաբանական խնդիրներ, որոնց լուծման գործում կարևորվում է քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, ոչ պետական մասնագիտական կազմակերպությունների դերը: Նրա կարծիքով Հայկական հո‎գեբուժական ասոցիացիան այն կարող ուժն ու ռեսուրսն է, որի շնորհիվ մոտ ապագայում կարող ենք ակնկալել հոգեկան առողջության ոլորտի էական բարեփոխուներ և նորարարություններ: Հարություն Քուշկյանը նշել է նաև, որ հատկապես այսօր արդիական է հո‎գեբուժական ծառայությունների կազմակերպման ոլորտում բուժման և հսկողության գերակշռող ստացիոնար մոտեցումից անցումն ամբուլատոր ու համայնքահեն ծառայությունների: Ուստի, նախարարի գնահատմամբ 2011թ. Համաշխար‎հային հո‎գեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային կոնֆերանսը կարող է լավ առիթ հանդիսանալ համաշխարհային մակարդակով մեր երկրի հոգեկան առողջության ոլորտում նոր նվաճումների արձանագրման և քննարկման համար:
Ա.Սողոյանը ներկայացրել է նաև Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ջանքերով տպագրվող ՙՀոգեկան առողջության հայկական հանդեսը՚ և խնդրել է նախարարին ամսագրի հաջորդ համարում, ցանկության դեպքում, հանդես գալ ողջույնի խոսքով: