ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունել է Շվեյցարիայի Բազելի համալսարանի ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար, Շվեյցարիայի ուռուցքաբանների միության նախագահ, Քաղցկեղի ուսումնասիրման շվեյցարական խմբի փոխնախագահ Ռիչարդ Հերմանի գլխավորած պատվիրակությանը: Բժիշկ-ուռուցքաբանները Հայաստան են ժամանել ուռուցքաբանության ոլորտի բարելավմանն աջակցելու առաքելությամբ: Նշենք, որ 2009թ. հոկտեմբերին նախարար Հ.Քուշկյանի Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ուռուցքաբանության ոլորտում ակտիվացնել հայ-շվեյցարական համագործակցությունը: Հյուրերը նախարարին են ներկայացրել համագործակցության նախնական ծրագիրը, ըստ որի նախատեսում են «Նաիրի» ԲԿ-ի բազայի հիման վրա ստեղծել «Հայ-շվեյցարական ուռուցքաբանության կենտրոն»: Բազելի համալսարանի մասնագետները նշել են, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայ ուռուցքաբանները վերապատրաստում կանցնեն Շվեյցարիայում, գիտական սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանում, կիրականացվեն բուժկանխարգելիչ միջոցառումներ` շվեյցարացի մասնագետների մասնակցությամբ և ինտերնետի միջոցով խորհրդատվությամբ: Ռիչարդ Հերմանը կարևորել է նաև Հայաստանի ուռուցքաբանական այլ կենտրոնների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը և տեղեկատվության տրամադրումը: Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարի հովանու ներքո և անմիջական վերահսկողությամբ ուռուցքաբանության ծառայությունը կբարելավվի ու կզարգանա և կհավակնի տարածաշրջանում լավագույնը լինելուն: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հավանություն է տվել համագործակցության ծրագրին և հյուրերին առաջարկել գնահատել ուռուցքաբանության ծառայության ներկա իրավիճակը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնելու աջակցության շրջանակները: Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանում կզարգանա ուռուցքաբանության ոլորտը և ժամանակի ընթացքում բեկումնային փոփոխություններ կարձանագրվեն: Հարկ է նշել, որ Շվեյցարիայից ժամանած բժիշկ-ուռուցքաբաններն արդեն իսկ (փետրվարի 8-10) ընդունել և խորհրդատվություն են տրամադրել մի խումբ հիվանդների:
|