Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն / Նախարարն այցելել է....


Նախարարն այցելել է Սինգապուր
23.02.10

Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանի հրավերով 2010 թվականի փետրվարի 16-20ը Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ, այցելել է Սինգապուրի Հանրապետություն: Այցելության նպատակն էր Հայաստանի և Սինգապուրի միջև առողջապահության բնագավառում համագործակցության հաստատումը:
Այցի շրջանակներում կազմակերպվել են գործնական նշանակություն ունեցող բազմաթիվ հանդիպումներ Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանի և առողջապահության ոլորտում առաջատար հիվանդանոցների ղեկավարների հետ: Սինգապուրի առողջապահության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում համագործակցության հեռանկարները: Խայ Բուն Վանը ներկայացրել է առողջապահության ֆինանսավորման, պետական հիվանդանոցների կառավարման, բժշկական ապահովագրության համակարգի մեխանիզմները, ինչպես նաև լիցենզավորման գործընթացի իրականացումը Սինգապուրում: Հարություն Քուշկյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Սինգապուրի առողջապահության նախարարը ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել հետագայում աջակցելու երկու երկրի միջև համագործակցության զարգացմանը:
Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցի գործադիր տնօրեն Բենջամին Օնգի հետ հանդիպման ժամանակ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչն այսուհետ իրավական դաշտ կստեղծի երկու երկրի առողջապահական հաստատությունների միջև բժշկագիտության տարբեր ոլորտների մասնագետների փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական ծրագրերի, գիտագործնական սեմինարների, համաժողովների իրականացման առումով: Բենջամին Օնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում սրտային վիրաբուժության ծառայության զարգացմանը:
Կազմակերպվել են նաև մի շարք այցեր Սինգապուրի առաջատար մասնավոր հիվանդանոցներ, ինչպիսիք են` "ParkwayHealth" հիվանդանոցային ցանցի Mount Elizabeth հիվանդանոցը և Սինգապուրի լավագույն հիվանդանոցային ցանցի "Raffles Hospital" գլխամասային բազմապրոֆիլ հիվանդանոցը: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ծանոթացել է Սինգապուրում հիվանդանոցների կառավարման, բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմներին, ինչպես նաև բժշկագիտության արդի մոտեցումներին, միջուկային բժշկությանը:
Սինգապուրի "Raffles Hospital"-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Լու Չուն Յոնգի, բժշկական տնօրեն Վալտեր Թանի, գլխավոր մենեջեր Լորենս Լիմի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակահարմարությունը: Վերջիններս ցանկություն են հայտնել այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները և զարգացման հեռանկարները: