ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզային բժշկական կազմակերպությունների կադրային հագեցվածության և համալրման հարցերին լուծումներ տալու նպատակով: Ըստ մարզերից ստացված հայտերի` բոլոր բուժհաստատություններում առկա են բժիշկ-մասնագետների բազմաթիվ թափուր հաստիքներ, հատկապես մեծ թիվ է կազմում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների պահանջարկը: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ գործում է ՀՀ մարզային բժշկական կազմակերպություններ բժիշկ-մասնագետներ ժամանակավոր ուղեգրման կարգը, որի համաձայն Երևանի բժշկական հաստատություններից ամենահրատապ պահանջարկների հիման վրա ՀՀ մարզեր են ժամանակավոր գործուղվել վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վիրահատող գինեկոլոգներ, վնասվածքաբաններ: Վերջիններիս աշխատանքի փոխհատուցումը միջինում կազմել է 300.000 դրամ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև վերջերս մամուլում հաճախակի բարձրաձայնվող Բերդի հիվանդանոցում անեսթեզիոլոգ և ընդհանրապես բժիշկ-մասնագետներ չունենալու հարցը: Բերդի հիվանդանոցը, ի թիվս մարզային այլ բժշկական հաստատությունների, իսկապես ունի կադրային լուրջ խնդիր, ինչի առնչությամբ առողջապահության նախարարը հանձնարարել է նախ հիշյալ հաստատությունում լուծել կադրային խնդիրը, այնուհետև ծրագրային առաջարկ ներկայացնել: Մարզային բուժհաստատություններում առկա թափուր հաստիքները համալրելու առումով հնչել են բազմաթիվ կարծիքներ և առաջարկներ, որոնց առնչությամբ առողջապահության նախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին ուսումնասիրություններ կատարել նաև տեղերում:
|